22 հունվարի 2025 - 18:53 AMT
Գրիգորյանը՝ Դանիելյանին. Պայմանավորվածությունների շրջանակը հրապարակվում է ու չի կարող գաղտնի մնալ

Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հետաքրքրվել է, թե արդյոք նախատեսվում է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածի հանձնում ադրբեջանական կողմին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանել է՝ ընդգծելով, որ բոլոր պայմանավորվածությունները հրապարակվում են պաշտոնական հաղորդագրություններով․։

«Մենք ունենք կանոնակարգ, որը հստակ նկարագրում է, թե ինչպես են կայացվում որոշումները, որոշումները ինչ տեսք են ստանում ու մտնում ուժի մեջ։ Այս շրջանակում դուք կարող եք գտնել ձեր հարցի պատասխանը»,–ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։

Դանիելյանը կրկնել է իր հարցը՝ պահանջելով հստակություն, որպեսզի «շահարկումներից խուսափվի», և ավելացրել, որ դահլիճում ներկաներից ոչ ոք չհասկացավ Գրիգորյանի պատասխանն ամբողջությամբ։

Ի պատասխան՝ փոխվարչապետը կոչ է արել հղում կատարել պաշտոնական աղբյուրներին։

«Պայմանավորվածությունների շրջանակը հրապարակվում է ու չի կարող գաղտնի մնալ։ Վերջին հաղորդագրության շրջանակում կար տեղեկատվություն, թե ինչ ենք պայմանավորվել, եթե ձեր ասածը չկար այդ հաղորդագրության մեջ, ապա սա նշանակում է, որ չկա նման պայմանավորվածություն»,–ասել է փոխվարչապետը։

Հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համաձայնությունը նախատեսում է աշխատանքների մեկնարկ հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարունակություն հարավային ուղղությամբ՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։