Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով Բաքվում մեկնարկած Արցախի նախկին ղեկավարների շինծու դատավարությանը, ասել է, որ այդ տեսարանները մտահոգիչ են։
«Այն տեղեկությունները, որ իմացանք, այն տեսարանները, որ տեսանք, մտահոգիչ են, բայց նաև պետք է արձանագրենք, որ այս իրավիճակին մոտենում ենք չվնասելու տրամաբանությամբ։ Մեր դիվանագիտական շփումներում, և օրակարգում այդ հարցը մշտապես ներկա է»,– ասել է նա։
Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ՝ պահպանելով զգուշավորություն, որպեսզի չվնասեն գերեվարված անձանց:
«Ես հիմա կարող եմ հայտարարություններ անել, որ ձեր հայրենասիրական էմոցիաները բավարարեն, բայց այդ հայտարարության հետևանքները և ազդեցությունն էդ մարդիկ զգալու են բանտում՝ իրենց մաշկի վրա։ Սա մենք հասկանո՞ւմ ենք, թե՞ չենք հասկանում»,– հավելել է նա։
2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում կայացել է Արցախի ղեկավարների գործով դատավարության առաջին նիստը։
Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։