Թուրքիայում հայերի ու մյուս քրիստոնյաների հանդեպ խտրական վերաբերմունք կա՝ նրանք բախվում են ինչպես սոցիալական, այնպես էլ ինստիտուցիոնալ ճնշումների։ Այդ մասին ասվում է Open Doors World Watch List 2025-ի զեկույցում, որն անդրադառնում է աշխարհում քրիստոնյաների վիճակին, գրում է Turkish Minute-ը։
Նշվում է, որ Թուրքիայում ազգայնականության սաստկացումը մարտահրավերներ է քրիստոնյա փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի համար։
Ըստ զեկույցի, Թուրքիան այն 50 երկրի շարքում է, որտեղ քրիստոնյաները ենթարկվում են ամենաբարձր մակարդակի դժվարությունների իրենց հավատքի պատճառով։
Նշվում է, որ չնայած տարածաշրջանում քրիստոնեության պատմական երկար ներկայությանը, այն հաճախ ընկալվում է որպես արևմտյան ազդեցություն, ինչը խորացնում է օտարացման զգացողությունը նույնիսկ չափավոր մահմեդականների և աշխարհիկ թուրքերի շրջանում։
«Քրիստոնեական համայնքների, այդ թվում՝ հույն և հայ եկեղեցիների հետևորդները հաճախ դիտվում են որպես օտարներ։ Նրանց եկեղեցիները բախվում են բյուրոկրատական խոչընդոտների և իրավական սահմանափակումների, որոնք խանգարում են նրանց կրոնական գործունեությանը։
Հայկական և ասորական համայնքները հատկապես ուժեղ ճնշումներ են զգում Թուրքիայի հարավարևելյան շրջաններում, որտեղ էթնիկ և կրոնական լարվածություն ավելի սրված է։ Տասնամյակներ շարունակ այս համայնքները հայտնվել են թուրքական բանակի և քրդական զինված խմբերի հակամարտության կիզակետում։ Արդյունքում, բազմաթիվ քրիստոնյաներ ստիպված են եղել լքել իրենց նախնիների հողերը՝ տեղափոխվելով ավելի անվտանգ շրջաններ, հիմնականում երկրի արևմտյան հատված»,–ասվում է հրապարակման մեջ։