23 հունվարի 2025 - 13:05 AMT
ՌԴ–ում աշխատում են քաղցկեղի որոշ տեսակների դեմ պատվաստանյութերի ստեղծման վրա

ՌԴ–ում աշխատում են քաղցկեղի որոշ տեսակների դեմ պատվաստանյութերի ստեղծման վրա։ Ռուս գիտնականները նպատակ ունեն մշակել քաղցկեղի հիվանդությունների մոդելներ՝ մՌՆԹ պատվաստանյութերի ստեղծման համար։ Հիմնական նպատակակետերից են երիկամի, կրծքագեղձի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղները։

Գամալեայի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգն ասել է, որ առաջին կլինիկական փորձարկումները հնարավոր է սկսվեն 2025-ի վերջում կամ 2026-ի սկզբին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Եթե ֆինանսավորումը լինի այն ծավալի, ինչ ակնկալում ենք, ապա մենք շատ ինտենսիվորեն կսկսենք աշխատել, մելանոմայի հետ զուգահեռ, որտեղ ամեն ինչ մշակված է , մշակել այլ քաղցկեղային հիվանդությունների մոդելներ, որպեսզի մելանոմայից հետո հնարավոր լինի պատվաստանյութեր ստեղծել նաև մանրբջջային թոքային քաղցկեղի դեմ, որն ամենատարածվածն է և ունի բարձր մահացություն ու բարդ ընթացք։ Հաջորդիվ, ամենայն հավանականությամբ, երիկամի, հնարավոր է՝ կրծքագեղձի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն են մեր ծրագրերում», — նշել է նա։

Գինցբուրգը հավելել է, որ մելանոմայի դեմ պատվաստանյութի փորձարկումները նախատեսված են 2025-ի սեպտեմբերին։

Գիտնականը նշել է, որ ֆինանսավորման ծավալներից կախված՝ կանցկացվեն նաև կենդանիների վրա փորձարկումների երկու կամ երեք գծեր։

«Որպեսզի այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին արդեն հույս ունենանք, որ մեր գործընկերները ուռուցքաբանական կենտրոններից կկարողանան սկսել պատվաստանյութերի փորձարկումները այս հիվանդություններով տառապող հիվանդների վրա», — պարզաբանել է նա։

Ավելի վաղ Գինցբուրգը հայտնել էր, որ մինչկլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ պատվաստանյութը ճնշում է ուռուցքի զարգացումը։ Կլինիկական հետազոտությունների շրջանակում առաջինները, ովքեր կստանան նոր պատվաստանյութը, կարող են լինել մելանոմայով և մանրբջջային թոքային քաղցկեղով հիվանդները։

Պատվաստանյութը մշակվում է Պ․ Ա․ Գերցենի անվան Մոսկվայի ուռուցքաբանական ինստիտուտի և Ն․ Ն․ Բլոխինի անվան ուռուցքաբանական կենտրոնի հետ համատեղ։ Ինչպես նշել է Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբանը՝ Անդրեյ Կապրինը, մինչկլինիկական փորձարկումներն արդեն ավարտվել են։

Գինցբուրգի խոսքով՝ պատվաստանյութերի անհատականացման համար կօգտագործվի արհեստական բանականություն։ Դրա համար կստեղծվի տեղական տվյալների բազա, որը կներառի 40–50 հազար ուռուցքների գենետիկական հաջորդականություններ։