ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը ներկայացրել է 2025–ի արտաքին ռիսկերի վերաբերյալ տարեկան զեկույցը։
Ծառայության գնահատմամբ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ լայնածավալ ռազմական հարձակման հավանականությունը ներկայումս բարձր չէ, սակայն նշվում է, որ խաղաղության պայմանագրի և դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում ուժի սպառնալիքն ու սահմանային լարվածությունները կմնան Ադրբեջանի գործիքակազմի մասը։
Նշվում է, որ լարվածության իրական ռիսկերը կարող են խորանալ տարածաշրջանում դաշնակցային հարաբերությունների վերադասավորումների կամ պատմական դաշնակցային փոխհարաբերությունների փոփոխության ֆոնին։
Նշվում է, որ մեծ հավանականությամբ 2025 թվականին Հայաստան-Ադրբեջան բանակցությունները կպահպանեն երկկողմ ձևաչափի արդյունավետությունը, որը կողմերի միջև արդեն հաստատված է, իսկ լարվածության որոշակի նվազեցման գրավական կարող է դառնալ 2024 թվականից մեկնարկած սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետևողական շարունակությունը՝ համաձայն երկուստեք հաստատված ընթացակարգերի։
Զեկույցը նաև մատնանշում է Ադրբեջանի քաղաքական հռետորաբանության ագրեսիվ բնույթը, Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձերը և բանակցային գործընթացում միակողմանի պահանջների պարտադրման քայլերը, ինչը բարձր հավանականությամբ կշարունակվի 2025 թվականին։
«Ադրբեջանը 2025 թվականին շարունակելու է սեփական հարձակողական կարողությունների զարգացման տեմպը՝ կրճատելով ռազմական գործողության անցնելու վերաբերյալ բարձրագույն մակարդակում քաղաքական որոշումից մինչև հողի վրա մարտական գործողության մեկնարկ ժամանակահատվածը։ Այս շրջանակներում Ադրբեջանը շարունակելու է ավելի շարժունակ ստորաբաժանումների անցման, դրանց ռեզերվի պատրաստման, նոր սպառազինության ձեռքբերման և ներկրման, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքների թարմացման աշխատանքները»,–ասվում է զեկույցում։