Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնողՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում՝ իրենց և ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերից, հայտնում է ՊԵԿ–ը։
«Սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե 2024 թվականի ընթացքում Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ Հայաստանում գործող կրթական հաստատությունում կատարել եք ուսման վճար»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար պետք է ծառայություն մատուցողից` ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից, պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ։
«Եթե սոցիալական ծախսը կատարել եք Ձեր ընտանիքի անդամի համար, սակայն հայտարարատուն Դուք եք, ապա պետք է ներկայացնեք նաև ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայության համարանիշը, նաև նրա ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորող փաստաթղթերը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը տարեկան 50,000 դրամ է, իսկ կրթության գծով` տարեկան առավելագույն չափը 100,000 դրամ։
Եթե հայտարարագիր ներկայացրած քաղաքացին սոցիալական փաթեթի շահառու է, ապա անձամբ չի կարող օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից, փոխարենը կարող է օգտվել միայն ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերի մասով։
Եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին օգտվում է հիփոթեքային վարկի կամ ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ապա սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող է օգտվել, եթե հաշվետու տարվա համար հաշվարկված և (կամ) վճարված եկամտային հարկի գումարների և նրան վերադարձված եկամտային հարկի գումարների միջև առկա է դրական տարբերություն:
Սոցիալական ծախսի փոխհատուցում ստանալու համար կարող եք դիմում ներկայացնել, եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնելուց հետո, միևնույն՝ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում։
ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները մինչև մայիսի 1-ը պետք է հայտարարագրեն իրենց նախորդ տարվա՝ 2024թ․ եկամուտները: