Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն նշել է, որ զարմանալի չի համարում Հայաստանի ձգտումը Եվրոպական միությանն անդամակցելու ուղղությամբ` հավելելով, որ ՀՀ–ն ինքնիշխան որոշում է ընդունել։ Նա նաև ընդգծել է, որ հանդես կգա ԵՄ-ի դրական արձագանքի օգտին, եթե Հայաստանը պաշտոնապես հաստատի իր թեկնածությունը։
Այդ մասին նա ասել է, անդրադառնալով Հայաստանի կառավարության կողմից հունվարի 9-ին կայացված որոշմանը՝ «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին հավանություն տալու վերաբերյալ, հայտնում է Արմենպրեսը։
«Եվրոպական միության մոդելի գրավչությունն ապշեցնող է. մի ժամանակաշրջանում, երբ ավտորիտար ռեժիմները հարձակվում են միջազգային կանոնների վրա հիմնված կարգի վրա, ԵՄ-ն փայլում է՝ որպես ժողովրդավարության և օրենքի գերակայության փարոս՝ չնայած իր անկատարություններին: Այն, որ Հայաստանը ցանկանում է միանալ ԵՄ-ին, զարմանալի չէ՝ հաշվի առնելով Հայաստանի կողմից խաղաղության, ժողովրդավարության և բարեփոխումների ընտրությունը։ Ես հանդես կգամ ԵՄ-ի դրական պատասխանի օգտին, եթե Հայաստանը հաստատի իր թեկնածությունը»,– ընդգծել է Լուազոն։
ԵԽ պատգամավորը շեշտել է, Հայաստանը ինքնիշխան երկիր է, որն ընդունում է այնպիսի որոշումներ, որոնք անհրաժեշտ են համարում հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար։
«Հայաստանն ինքնիշխան երկիր է։ Երևանն ընդունում է որոշումներ, որոնք անհրաժեշտ են հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար։ Եվրոպական միությունը երբեք ոչ մի երկրի չի ստիպել ո՛չ միանալ, ո՛չ մնալ։ Կցանկանայի, որ նախկին ԽՍՀՄ-ը և այսօրվա Ռուսաստանի Դաշնությունը կարողանային ոգեշնչվել երրորդ երկրների անկախության և ինքնիշխանության նկատմամբ մեր հարգանքով»,– ասել է Նատալի Լուազոն։
Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին, որը նախատեսվում է քննարկել նաև Հայաստանի խորհրդարանում։