Տնտեսվարողները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Նրանք բողոքում են հունվարի 1-ից ուժի մեջ մտած շրջանառության հարկի փոփոխություններից՝ նշելով, որ նոր կարգավորումները մի քանի անգամ ավելացրել են իրենց հարկային բեռը, ինչի հետևանքով իրենց բիզնեսները կանգնել են փակման եզրին։
«Փոխանակ օլիգարխներին բռնեն, մեր հետևից են ընկել։ Մենք հազիվ հացի փող ենք վաստակում, հիմա դա էլ չենք անի։ Չեն թողնում աշխատենք»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը, հայտնում է «Փաստինֆոն»։
Մեկ այլ տնտեսվարող նշել է, որ կառավարությունն իր քայլերով նպաստում է փոքր ու միջին բիզնեսի վերացմանը՝ միևնույն ժամանակ խթանելով խոշոր բիզնեսի շահերը։
«Օր-օրի մարդիկ սնանկանում են, փոքր ու միջին բիզնեսը վերանում է։ Ամեն օր իրավիճակը վատանում է։ Փոքր ու միջին բիզնեսի հաշվին իրենց պարգևավճարների հարցերն են լուծում։ Բայց առևտուր հիմա ընդհանրապես չկա։ Վարձավճարները բարձրացել են։
Մի քանի տարի առաջ շրջանառության հարկը 1.5 տոկոս էր, հետո դարձավ 3 տոկոս, հետո՝ 5 տոկոս։ Մենք ձայն չենք հանել, մի կերպ հարմարվել ենք։ Հիմա դարձրել են 10 տոկոս։ Դրան էլ գումարած՝ ասում են գույքագրում արեք։ Դրա համար հաշվապահ պիտի պահենք։ Մարդը տրանսպորտի փող չունի, հաշվապահ ոնց ենք պահելու»,- ասել է նա։
Տնտեսվարողները պնդում են, որ հարկային փոփոխությունները վնասում են իրենց և խանգարում բիզնեսների բնականոն գործունեությանը՝ կոչ անելով կառավարությանը վերանայել քաղաքականությունը։