23 հունվարի 2025 - 16:55 AMT
Կառավարությունը կփոխհատուցի ԵՄ և Մեծ Բրիտանիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը

Կառավարությունը հունվարի 23–ի նիստում հաստատել է Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը, որով նախատեսված օժանդակությունը տրամադրվելու է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարված «բ»արտահանումների համար«/բ»։

Որպես արտահանվող երկրներ ընտրված են ԵՄ անդամ պետությունները և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը, քանի որ այդ շուկաները հանդիսանում են բարձր ստանդարտներ պահանջող, և այդ շուկաներում ժամանակավոր օժանդակության տրամադրման պարագայում տեղական ընկերությունները կդիրքավորվեն՝ նաև իրենց արտադրանքը վերոնշյալ ստանդարտներին համապատասխանեցնելու միջոցով դառնալով ավելի մրցունակ։

Օժանդակությունը տրամադրվելու է որոշ թիրախային ապրանքային խմբերին և կրելու է ժամանակավոր բնույթ։ ԵՄ անդամ երկրներ և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն նախագծով սահմանվող ապրանքներ արտահանելու նպատակով՝ համաձայն կատարված գնահատականների՝ օժանդակության գումարը առավելագույնը կկազմի տարեկան մոտ 15 մլրդ դրամ։

Դա հնարավորություն կտա Հայաստանի ռեզիդենտ կազմակերպությանը կամ ՀՀ–ում հաշվառված անհատ ձեռնարկատիրոջը արտահանել հայաստանյան ծագում ունեցող ապրանք և ստանալ օժանդակություն, որպեսզի կարողանա սկզբնական ժամանակաշրջանում դիրքավորվել արտահանման շուկաներում և ներկայացնել սեփական արտադրանքը։

Օժանդակության տրամադրման գումարի հաշվարկման համար արդյունավետ և պարզ համակարգ ներդնելու նպատակով նախատեսվել է հիմք ընդունել արտահանող երկրի ապրանքային հայտարարագրի մաքսային արժեքի և ներմուծման երկրում փաստացի կիրառված մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված գումարը։

Որոշումը հնարավորություն կտա խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, արտահանման ծավալների ավելացումը, ինչպես նաև կնպաստի հայկական բրենդի ճանաչմանը։