23 հունվարի 2025 - 16:57 AMT
Գրիգորյան․ ԼՂ հայաթափման մեղավորը ՀՀ իշխանությունը չէ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, և դրա մեղավորը Հայաստանի իշխանությունը չէ։

Ըստ նրա, դա միանշանակ է, հայտնում է Aysor.am-ը։

«Ռուսաստանից սկսած՝ բոլորը ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չեմ ուզում մտնել այդ քննարկումների մեջ»,- ասել է Գրիգորյանը՝ իր խոսքում անդրադառնալով միջազգային դերակատարների վերաբերմունքին։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։