Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատապաշտպան Ջարեդ Գենսերը նոր մանրամասներ է ներկայացրել իր պաշտպանյալի և այլ նախկին արցախյան ղեկավարների ձերբակալության վերաբերյալ:
Գենսերն ասել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալը կարող է վերափոխել տարածաշրջանային քաղաքականությունը, հայտնում է The Armenian Report-ը։
Նրա խոսքով՝ նոր վարչակազմը, հատկապես Մարկո Ռուբիոյի և Մայք Վոլցի նման առանցքային գործիչների միջոցով, կոշտ քաղաքականություն է որդեգրելու Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի հանդեպ՝ ընդգծելով էթնիկ զտումները և քաղաքական ձերբակալությունները։
Գենսերը վստահություն է հայտնել, որ Թրամփի վերադարձը նշանակում է Ադրբեջանի հանդեպ ավելի կոշտ դիրքորոշում՝ ներառյալ պատժամիջոցներ և դիվանագիտական ճնշում։
«Ալիևը պետք է կրկնակի մտածի հիմա»,– ասել է նա՝ նշելով, որ Վաշինգտոնի հետ նախնական քննարկումները արդեն սկսվել են։
Վարդանյանի և մյուս կալանավորների դեմ առաջադրված մեղադրանքները՝ ներառյալ ահաբեկչության ֆինանսավորումը և անջատողականությունը, Գենսերը անվանում է քաղաքականապես դրդված։ Նա նշել է, որ այդ դատավարություններում, որոնք անցնում են ռազմական դատարաններում, լիովին բացակայում է թափանցիկությունը։
Գենսերը նաև քննադատել է Հայաստանի կառավարության անգործությունը։ Նա կոչ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ավելի ակտիվ դիրք գրավել։
Սփյուռքին ուղղված ուղերձում նա առաջարկել է մի շարք քայլեր՝ բարձրացնելու իրազեկվածությունը և ճնշում գործադրելու համար։ Դրանց թվում են լրատվամիջոցների հետ աշխատանքը, իրավապաշտպան կազմակերպությունների հետ համագործակցությունը և գլոբալ համերաշխության ամրապնդումը։
«Սա համընդհանուր մարդու իրավունքների պայքար է»,– նշել է նա։
Բացի այդ, Վարդանյանը, հանդես գալով գերիությունից, կոչ է արել խաղաղության և հաշտության՝ խոստանալով, որ իր կյանքի ընթացքում կաշխատի հանուն այդ նպատակի։
Գենսերը վստահ է, որ միջազգային ճնշումները ի վերջո կհանգեցնեն արդարության հաստատմանը։
Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։