24 հունվարի 2025 - 12:02 AMT
Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը․ Հեղաշրջում արեցիք, ձեր մարտական ընկերները գերեվարվեցին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով ընդդիմության կողմից բարձրացվող հարցին, թե ինչու գործող իշխանությունը չի զբաղվում Բաքվում պահվող գերիների խնդրով, մեղադրել է նրանց քաղաքական շահարկումների մեջ։

Ըստ նրա՝ ընդդիմությունը գնացել է պալատական հեղաշրջման, ստեղծել մի իրավիճակ, երբ Արցախի նախկին ղեկավարները գերեվարվել են, հայտնում է Auroranews.am-ը։

«Էդ բոլոր շահարկումները՝ թե ձեր քաղաքական օպոնենտներն են, ձեր հակառակորդներն են, դրա համար չեք ուզում ազատ արձակվեն և այլն, սա անմտություն է, կներեք: Ես կրկնում եմ, մենք ամեն բան անում ենք բոլոր հնարավոր հարթակներում՝ ապահովելու մեր հայրենակիցների վերադարձը Հայաստան։

Ընդդիմությունը մի հատ թող ինքը բացատրի, թե էդ ոնց եղավ: Սեյրան Օհանյանն ասում է՝ հանձնել եք մեր մարտական ընկերներին: Ես էլի պետք է կրկնեմ, դուք ձեր խմբակցությամբ գնացիք պալատական հեղաշրջում արեցիք, ստեղծեցիք մի իրավիճակ, երբ որ ձեր կողմից նշանակված նախագահը ստորագրեց Արցախի Հանրապետության լուծարման փաստաթուղթը, ինչի արդյունքում ձեր մարտական ընկերները գերեվարվեցին: Հիմա ո՞վ է հանձնել ձեր մարտական ընկերներին՝ դո՞ւք, թե՞ մենք»,–ասել է Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է ընթացող դատավարությանը և դրա վերաբերյալ պաշտոնական գնահատականի բացակայությանը, Հովհաննիսյանն ասել է, որ կա պաշտոնական գնահատական, պաշտոնատար անձանց կողմից հնչել են հայտարարություններ:

«Ես ընդդիմությանը խորհուրդ կտամ ուշադիր լինեն: Տվյալ դատավարական ընթացքի վերաբերյալ հայտարարություններ հնչել են և միջազգային հարթակներում էլ շարունակում ենք ամենօրյա ռեժիմով պայքարել մեր հայրենակիցների վերադարձի համար»,–ասել է նա։

Նա հավելել է, որ ընդդիմության մեղադրանքները տեղին չեն և ավելի շատ «պաշտպանողական են, որ իրենք իրենց վրայից քցեն էն չարիքը, որը բերել են ԼՂ հայ ժողովրդի գլխին»:

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում կայացել է Արցախի ղեկավարների գործով դատավարության առաջին նիստը։

Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։