Հունվարի 21-ին զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Բաքըրքոյ թաղամասի հայկական Դադյան դպրոցի հին շենքի վրա` շենքի ուղղությամբ կրակոցներ են արձակվել։
Պարզվել է, որ հարձակմանը մասնակցել է 2 կասկածյալ։ Նրանցից մեկը կրակել է դպրոցի ուղղությամբ, մյուսը հավաքել է գետնին ընկած դատարկ պարկուճները։ Դա հայտնի է դարձել տեսախցիկների տեսագրությունների ուսումնասիրությունից, գրում է «Ակոսը»։
Դպրոցի շենքն այժմ օգտագործվում է Անատոլիայի մասնավոր ավագ դպրոցի կողմից։
Ոստիկանությունը պարզել է կասկածյալների ինքնությունը։ Նրանց ձերբակալելու ժամանակ իրավապահները խուզարկություն են իրականացրել, առգրավվել է ապօրինի ատրճանակ և 14 փամփուշտ։ Պարզվել է նաև, որ կասկածյալներն ունեն քրեական անցյալ։
Դադյան դպրոցի շենքը պատկանում է Բաքըրքոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամին, որի նախագահ Մարի Յանջըի հայտարարության մեջ նշվում է, որ կասկածյալները եղել են հարբած և կրակոցները պատահական են եղել։
Դեպքի հանգամանքները շարունակվում են քննվել իրավապահ մարմինների կողմից։