Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել է Իրանի ԱԳՆ՝ նրան բողոքի նոտա է ներկայացվել, որը վերաբերում է իրանցի ուսանողների նկատմամբ Ադրբեջանի «որոշ շրջանակների» իրականացրած «անբարո գործողություններին»։ Այդ մասին հայտնել է IRNA պետական լրատվական գործակալությունը։
Ըստ լրատվամիջոցի, հանդիպման ընթացքում Իրանի արտգործնախարարության Եվրասիական հարցերով բաժնի ղեկավար Մուջթաբ Դեմիրչիլուն բնութագրել է այս արարքները որպես «վնասակար»՝ ընդգծելով անհրաժեշտությունը պատասխանատվության ենթարկել «նման բացասական գործողությունների կազմակերպիչներին և կատարողներին», հայտնում է «Ազատությունը»։
Նա նաև շեշտել է կրոնական գործիչների հանդեպ «ցանկացած վիրավորանքի դեմ վճռական պայքարի» կարևորությունը։
Նշվել է, որ «Ադրբեջանի դեսպանը ափսոսանք է հայտնել որոշ բացասական հայտարարությունների և գործողությունների վերաբերյալ՝ խոստանալով իրավիճակը ներկայացնել իր երկրի իշխանություններին»։
Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության, վերջին օրերին Ադրբեջանի բժշկական համալսարանից արտաքսել են 10 իրանցի ուսանողի՝ «անբարո վարքի» մեղադրանքով։ Այլ մանրամասներ հայտնի չեն։