Եվրամիության 27 երկրի մշտական ներկայացուցիչները որոշել են ժամանակավորապես դադարեցնել Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար առանց վիզայի ռեժիմը։ ԵՄ Խորհրդի պատվիրակություններից մեկի աղբյուրը հաստատել է այդ տեղեկատվությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այո, մշտական ներկայացուցիչներն այսօր առավոտյան համաձայնության եկան դադարեցնել դիվանագիտական անձնագրերի համար նախատեսված առանց վիզայի ռեժիմը Վրաստանի համար»,- նշել է աղբյուրը։
Դիվանագետի խոսքով՝ այս որոշումը պետք է պաշտոնապես հաստատվի ԵՄ Խորհրդի կողմից, ինչը կարող է տեղի ունենալ 27 երկրի արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպման ժամանակ, որը նախատեսված է հունվարի 27-ին։
Դեկտեմբերի 20-ին Եվրամիությունը պաշտոնապես առաջարկել էր դադարեցնել առանց վիզայի ռեժիմը վրացի պաշտոնյաների և դիվանագետների համար՝ վկայակոչելով երկրում աճող դիվանագիտական խնդիրները։
2024-ի հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները խորացրել են ներքաղաքական լարվածությունը։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների՝ իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ստացել է ձայների 53.93%-ը՝ 150 մանդատներից ստանալով 89-ը։ Սակայն չորս ընդդիմադիր կուսակցություններ, որոնք հաղթահարել էին 5%-անոց շեմը, չեն ընդունել ընտրությունների արդյունքները՝ պնդելով, որ դրանք կեղծվել են։ Նոյեմբերի 4-ից ընդդիմության առաջնորդները բողոքի ակցիաներ են կազմակերպում։