ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարվա հունվարի 1-ից դադարեցրել է Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի գործունեությունը։ Այդ մասին ասվում է գրասենյակի հայտարարության մեջ։
Նշվում է, որ «Էրազմուս+» ծրագրի հետ կապված բոլոր հարցերով շահառուները կարող են դիմել նախարարությանը։
Նախարարությունը ներկայացրել է մի շարք պատճառներ, որոնք հիմնավորում են գրասենյակի փակման որոշումը․ «Էրազմուս+» նախագծերը, հիմնականում, ծառայել են միայն եվրոպական համալսարաններ գործուղումներին՝ ունենալով զբոսաշրջային բնույթ, նշված նախագծերը չեն ապահովել որևէ էական ազդեցություն Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի վրա, նախագծերի թեմաները չեն արտացոլել երկրի բարձրագույն կրթության զարգացման առաջնահերթությունները»։
«Էրազմուս+» ազգային գրասենյակի թիմը, արձագանքելով այս պատճառաբանություններին, նշել է, որ իրենց հիմնական առաքելությունը եղել է ծրագրի վերաբերյալ տեղեկատվության տարածումը, շահառուների խորհրդատվությունն ու աջակցությունը։ Նշվում է, որ նախարարության ներկայացրած հիմնավորումները կարող են վերաբերել տարբեր կողմերի գործունեությանը, սակայն չեն կարող ուղղակիորեն կապ ունենալ ազգային գրասենյակի հետ։
Ամփոփելով իրենց գործունեությունը՝ «Էրազմուս+» գրասենյակի ներկայացուցիչները ներկայացրել են երեք կարևոր ցուցանիշ, որոնք բնութագրում են իրենց աշխատանքը․
«Հայաստանը, Արևելյան գործընկերության տարածաշրջանում, զբաղեցնում է առաջին տեղը ՄԿՈւ հաստատությունների և երրորդ տեղը բուհերի կարողությունների զարգացման նախագծերի քանակով։
Գրասենյակի ծառայություններից օգտվող շահառուների բավարարվածությունը վերջին հարցումների համաձայն կազմել է 9.4 միավոր 10 հնարավորից։
Եվրոպական հանձնաժողովի և համապատասխան գործակալությունների կողմից գրասենյակն ստացել է մշտապես բարձր գնահատականներ՝ ներառյալ «շատ լավ» կամ «լավ» եզրակացություններ բոլոր ներկայացված հաշվետվությունների և աուդիտների համար»։
Գրասենյակը հույս է հայտնել, որ «Էրազմուս+ ծրագիրը» կշարունակի իր գործունեությունը Հայաստանում՝ ապահովելով կրթության միջազգայնացման և նոր հնարավորությունների ստեղծման հնարավորությունները։