24 հունվարի 2025 - 18:28 AMT
ՀՀ–ում կներդրվի ընտանեկան բռնության դեպքերի թվայնացված հաշվառման միասնական համակարգ

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հունվարի 24-ին ներկայացրել է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման առաջին թվայնացված միասնական համակարգը։

Այս հարթակը նախատեսված է ապահովելու ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի վերաբերյալ համապարփակ տվյալների հավաքագրում, դեպքերի ընթացքի մոնիտորինգ, զոհերին տրամադրված ծառայությունների վերահսկում, ինչպես նաև կանխարգելման և արձագանքման գործողությունների համակարգված կազմակերպում։

Համակարգի մշակումը նախաձեռնվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համատեղ ջանքերով՝ «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Նախարար Մկրտչյանը նշել է. «Այսօրինակ համակարգերը հնարավորություն են տալիս պետական մարմիններին մշակել փաստարկված և տվյալների վրա հիմնված քաղաքականություններ՝ ուղղված ընտանիքում բռնության կանխարգելմանը և հաղթահարմանը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության և աջակցության միջոցների արդիականացմանն ու բարելավմանն»։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանն իր խոսքում ընդգծել է. «Տեղեկությունների հավաքագրման այս համակարգը ձևավորվել է մասնակցային եղանակով․ փոխհամաձայնեցված է բոլոր շահագրգիռ կառույցների և կողմերի հետ, որոնք մասն են կազմում հարթակի գործարկմանը»։

Համակարգի կարևորությունը շեշտել են նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Յան Պլեշինգերը։

Տվյալներ մուտքագրելու և ամփոփման գործընթացում ներգրավված կլինեն պետական մի շարք կառույցներ՝ Ոստիկանությունը, Քննչական կոմիտեն, Դատախազությունը, Դատական դեպարտամենտը, ինչպես նաև աջակցման կենտրոններն ու ապաստարանները։ Անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն կներկայացնեն նաև Առողջապահության նախարարությունն ու այլ գերատեսչություններ։

Համակարգի ստեղծումն իրականացվել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից և իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ ջանքերով։