ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը, պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի 2024 թ․ դիվանագիտական գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսից առաջ, նշել է, որ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները բարդ ժամանակաշրջան են ապրում՝ պայմանավորված Արևմուտքի ուժեղացած ճնշմամբ Երևանի վրա։
«Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները բարդ ժամանակաշրջան են ապրում։ Դա մեծ մասամբ Արևմուտքի գործողությունների հետևանք է, որը նախորդ տարի մեծացրել էր ճնշումը Հայաստանի վրա, դրդում էր նրան ավանդական կապերի խզմանը Ռուսաստանի հետ և թելադրում էր օտար արժեքներ, որոնք անհարիր են հայ ժողովրդին», — նշված է հրապարակման մեջ, գրում է «Իզվեստիան»։
Գերատեսչությունում նշել են, որ Երևանը հավատացել է Վաշինգտոնի և Բրյուսելի «դատարկ խոստումներին», թե նրանք կարող են փոխարինել Ռուսաստանին որպես Հայաստանի գլխավոր գործընկեր։ Սակայն, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, հենց ՀԱՊԿ-ն է ապահովում Հայաստանի անվտանգությունը, իսկ ԵԱՏՄ անդամակցությունը երկրի տնտեսական կայունության երաշխիքն է։
Ռուսաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ բազմիցս նախազգուշացրել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի անտարբերության մասին իրենց գործընկերների ճակատագրերի նկատմամբ։ Այդ փաստը հաստատվում է 2024 թ․ վերջին Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններով, ինչպես նաև արևմտյան ԶԼՄ-ներում տարածված ցինիկ հայտարարություններով՝ հայ քաղաքացիների մասին։
Գերատեսչությունը ևս մեկ անգամ ընդգծել է, որ եվրասիական ինտեգրացիան և ԵՄ անդամակցությունն անհամատեղելի են։
«Մոսկվան միշտ կարևորել է և շարունակում է կարևորել եղբայրական հարաբերությունները Երևանի հետ։ Հայաստանը դիտարկում ենք որպես մեր բնական ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկը», –ասվում է հայտարարության մեջ։
Հունվարի 23-ին, Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայաստանը չի հայտնել ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին։ Նրա խոսքով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին զրույցի ժամանակ այդ հարցը չի քննարկվել։ Դեկտեմբերի 4-ին, խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկիրը իրեն ՀԱՊԿ-ից դուրս է համարում և այլևս չի մասնակցում կազմակերպության որոշումների ընդունմանը։
Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները սրվել էին դեռ 2022 թ․ նոյեմբերին, երբ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել ՀԱՊԿ-ի ԽՎ հռչակագրի նախագիծը՝ Հայաստանում աջակցության համատեղ միջոցների վերաբերյալ։ Նրա կարծիքով, փաստաթղթում բացակայում էր հստակ քաղաքական գնահատականը: