Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպել է Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նա անդրադարձել է ներկաների կողմից բարձրացված մի շարք հարցերի՝ ներկայացնելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը։
Փաշինյանը խոսել է «Իրական Հայաստանի» ռազմավարության մասին՝ շեշտադրելով Սփյուռքի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ հայ ինքնության պահպանությունը մնում է առաջնահերթություն, և ընդգծել Սփյուռքի ակտիվ մասնակցության կարևորությունը երկրի զարգացման գործընթացներում։
Վարչապետը նաև անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերին, պետական կառավարման համակարգի առկա խնդիրներին և իրականացվող բարեփոխումների ընթացքին։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը՝ ներկայացնելով Կառավարության քայլերը մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, հետ երկօրյա աշխատանքային այցով Շվեյցարիայում է՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: