Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսել է խստացնել ապօրինի ծառահատումների, ձկնորսության և այլ բնապահպանական խախտումների համար նախատեսված պատասխանատվությունը։ Նախագծերի նպատակն է նվազեցնել նման իրավախախտումների քանակը՝ խստացված պատժամիջոցների միջոցով։
Նախագծերի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայիս պատժամիջոցները բավարար չեն՝ իրավախախտումների կանխարգելման համար, և դրանք հանգեցնում են զգալի վնասների շրջակա միջավայրին, հայտնում է Արմենպրեսը։
Օրենսգրքում կատարվելիք փոփոխություններով նախատեսվում է խստացնել ապօրինի ծառահատումների, որսի, ձկնորսության և բնության հատուկ պահպանվող տարածքներում ռեժիմի խախտումների համար տուգանքների չափերը։ Տուգանքները կկազմեն նվազագույն աշխատավարձի մինչև հազարապատիկի չափը, իսկ կրկնվող խախտումների դեպքում՝ սահմանվելու են ավելի խիստ պատիժներ։ Հատկապես արժեքավոր կամ հազվագյուտ ծառատեսակների ապօրինի հատման դեպքում, եթե նման խախտումը կրկնվի վարչական տույժի կիրառման հաջորդ տարվա ընթացքում, նախատեսվում է քրեական պատասխանատվություն, որն իր մեջ կներառի տուգանք, հանրային աշխատանքներ, որոշակի գործունեության իրավունքների սահմանափակում կամ ազատազրկում:
Նախագծերի ընդունումը նպատակ ունի բարձրացնել բնապահպանական իրավախախտումների կանխարգելման արդյունավետությունը և նվազեցնել շրջակա միջավայրին հասցվող վնասները։ Միջոցառումների խստացման նպատակը նաև անտառների վերականգնումն ու բնական միջավայրի պահպանումն է։
2022-2024 թվականներին արձանագրվել է մոտ 1200 ապօրինի ծառահատման դեպք, որի հետևանքով հատվել է ավելի քան 30,000 ծառ։ Ապօրինի ձկնորսության և խեցգետնորսության կապակցությամբ գրանցվել են հարյուրավոր դեպքեր՝ մեծ քանակությամբ որսված ձկներով և առգրավված միջոցներով։