25 հունվարի 2025 - 13:57 AMT
Աբրահամյան․ Բաքուն փորձելու է լուծել «ադրբեջանցի փախստականներին» ՀՀ հատվածներում տեղակայելու գաղափարը

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանը, «սահմանազատման» իր ծրագրերը Հայաստանին պարտադրելով, միաժամանակ ձգտում է իրականացնել «ադրբեջանական փախստականների» տեղակայման ծրագրերը՝ ընտրելով ՀՀ տարածքում իր համար ռազմավարական նշանակություն ունեցող վայրեր::

Նրա խոսքով՝ այդ ռազմավարական շրջաններն ակնհայտ են, և ադրբեջանական կողմը պարբերաբար ակնարկներ է անում դրանց մասին՝ հատկապես Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ուղղությամբ։

«Գեղարքունիքի մարզը նրանց համար կարևոր նշանակություն ունի Սևանա լճի ռազմավարական դիրքի պատճառով, իսկ Սյունիքը՝ Նախիջևանը և Թուրքիան կապող ուղիների և հետագայում դրա ամբողջական վերահսկողության տեսանկյունից», - նշել է պատգամավորը։

Տիգրան Աբրահամյանը նաև նշել է, որ սահմանազատման թեման ինքնին բարդ և բազմաշերտ է, ինչի մանրամասները լայն հանրության համար ամբողջությամբ հասկանալի չեն։ Այս հանգամանքը, ըստ նրա, օգտագործվում է իշխանության կողմից երկրի առջև ծառացած սպառնալիքները թաքցնելու կամ դրանց բնույթը խեղաթյուրելու նպատակով։

Հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համաձայնությունը նախատեսում է աշխատանքների մեկնարկ հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարունակություն հարավային ուղղությամբ՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։