Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձագանքել է Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառմանը, որով նա մեղադրել է ՄԻՊ–ին քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրները շտկելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելու համար։
ՄԻՊ գրասենյակը կոչ է արել Գառնիկ Դանիելյանին հետևել էթիկայի նորմերին:
«Սույն անձի նման վարքագիծը ոչ միայն անընդունելի է, այլ իր իրականացրած մնացյալ քայլերի համատեքստում առերևույթ կարող է պարունակել նաև քրեական օրենսգրքով սահմանված արարքի հատկանիշներ: Պատգամավորին հորդորում ենք ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հարթակներում ազատությունից զրկման վայրեր, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներ անձամբ Մարդու իրավունքների պաշտպանի և նրա հանձնարարությամբ իր ներկայացուցիչների կողմից իրականացվող պարբերական այցերի, դրանց արդյունքում արձանագրած խնդիրների վերաբերյալ հրապարակումներին, Պաշտպանի որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցներին, որոնք, ի դեպ, յուրաքանչյուր տարի քննարկվում են Ազգային ժողովում, արտահերթ զեկույցներին, որոնցից մեկը հրապարակվել է նախորդ տարվա ավարտին, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային բազմաթիվ ելույթներին և զերծ մնալ հասարակության շրջանում թյուր կարծիք ձևավորելու փորձերից:
Հարկ ենք համարում ընդգծել, որ վերոնշյալ խնդիրների վերաբերյալ Պաշտպանի կողմից պարբերաբար կազմակերպվում են քննարկումներ, որոնց հրավիրվում են ինչպես իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչներ, այնպես էլ Ազգային Ժողովի պատգամավորներ:
Ազատությունից զրկման վայրերում տեղի ունեցած բազմաթիվ դեպքերի հետ կապված հենց Մարդու իրավունքների պաշտպանն է հաղորդում ներկայացրել, ինչի արդյունքում այժմ առկա են նաև քրեական վարույթներ: Բացի այդ, ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ ամենօրյա ռեժիմով լուծում են ստանում հենց Պաշտպանի միջամտության արդյունքում»,–ասվում է գրառման մեջ։
Նշվում է նաև, որ այժմ հրապարակային քննարկվող խնդիրների մեծ մասը նույնիսկ հասանելի չի եղել դրանք այսօր հրապարակային քննարկող դերակատարներին` մինչև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարբեր ձևաչափերով դրանք հրապարակային դարձնելը, քանի որ նման բնույթի խնդիրներն արձանագրելու լայն մանդատ և հնարավորություն ունի հենց ՄԻՊ-ը:
Հորդորում ենք պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները և ձեռնպահ մնալ ՄԻՊ հաստատություններին վերաբերելի միջազգային չափանիշների խախտումներից»,- ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
ՄԻՊ գրասենյակը նաև հիշեցրել է, որ իր գործունեությունը պարբերաբար ներկայացվում է ԱԺ-ին և հասարակությանը՝ տարաբնույթ ձևաչափերով, ներառյալ զեկույցների ու հրապարակային ելույթների միջոցով։