25 հունվարի 2025 - 14:53 AMT
Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը պաշտոնապես դարձել է հունգարական «Պուշկաշ ակադեմիայի» խաղացող։ Այդ մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

Հարությունյանի և «Պուշկաշ ակադեմիայի» միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Պայմանագրի մանրամասները դեռևս չեն բացահայտվում, հայտնում է Արմենպրեսը։

Գեորգի Հարությունյանը ֆուտբոլային կրթությունը ստացել է ռուսական «Կրասնոդար»-ի ակադեմիայում։ Նա «Կրասնոդարի» հիմնական թիմի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Նոր ակումբը՝ «Պուշկաշ ակադեմիան», ներկայումս զբաղեցնում է առաջին տեղը Հունգարիայի ֆուտբոլային առաջնության մրցաշարային աղյուսակում։