25 հունվարի 2025 - 16:26 AMT
ԵՄ-ն կաջակցի ՀՀ–ում փախստականների կարիքների լուծմանն ուղղված նոր ծրագրերին

Հունվարի 23-ին Եվրամիությունը տեղեկացրել է Հայաստանում փախստականների կարիքների լուծմանն ուղղված երեք նոր ծրագրերի մեկնարկի մասին։ Այս ծրագրերը իրականացվելու են տեղական և միջազգային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համատեղ ջանքերով։

Ծրագրերի մեկնարկի միջոցառմանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև միջազգային կառույցների ու համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Այս ծրագրերի հիմնական նպատակն է նպաստել փախստականների սոցիալ-տնտեսական ներառմանը՝ ապահովելով նրանց համար նոր տնտեսական հնարավորություններ և ընդլայնելով սոցիալական ծառայությունների հասանելիությունը։ Ծրագրերը նաև կոչված են պաշտպանելու փախստականների իրավունքները և նպաստելու նրանց իրավունքների իրացմանը։

Արմեն Ղազարյանն անդրադարձել է փախստականների կարիքներին և ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ներառումը մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում է։ Փոխնախարարը վերահաստատել է կառավարության հանձնառությունը՝ շարունակելու այս ուղղությամբ աշխատանքները՝ ընդգծելով միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը։

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է, որ ԵՄ-ն պարտավորվում է շարունակել աջակցել փախստականներին՝ նպատակ ունենալով ստեղծել նրանց համար կայուն ապագա։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն էլ իր ելույթում նշել է, որ ՀՀ Կառավարությունը լիովին հանձնառու է գտնելու հասցեական լուծումներ՝ հատկապես Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց կարիքները բավարարելու նպատակո

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։