«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանը մտահոգություն է հայտնել հայտարարագրման համակարգի և հարկային փոփոխությունների հասցեագրման վերաբերյալ։ Նա այդ մասին խոսել է ուղիղ եթերում։
Սրբազանը հայտարարել է, որ հայտարարագրման համակարգի միջոցով փորձում են վերահսկել յուրաքանչյուր քաղաքացու՝ ազդեցություն ունենալով ոչ միայն տեղեկատվության, այլև տնտեսական, քաղաքացիական և անվտանգության ոլորտներում։
Ըստ նրա՝ քաղաքացիներին զրկում են գաղտնիության իրավունքից նույնիսկ անձնական տարածքում։
«Մուտք են գործում մարդկանց բանկային հաշիվներ, փորձում բոլոր առումներով վերահսկողություն հաստատել, տարբեր միջոցներով բռնաճնշումներ իրականացնել»,- ասել է սրբազանը։
Բագրատ Սրբազանը նաև խոսել է հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին՝ ընդգծելով, որ դրանք ծանր ազդեցություն են ունենալու փոքր և միջին բիզնեսների վրա։
ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները մինչև մայիսի 1-ը պետք է հայտարարագրեն իրենց նախորդ տարվա՝ 2024թ․ եկամուտները: