Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Միխայիլ Վոժդաևը հայտնել է, որ ռուսաց լեզվի դասավանդման ժամաքանակի պահպանման հարցը դեսպանության ուշադրության կենտրոնում է։
Նա հուսով է, որ դպրոցներում ռուսերենի դասավանդման ժամերը կպահպանվեն, հայտնում է Sputnik Արմենիան։
«Մենք երկխոսության մեջ ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ղեկավարության հետ, քանի որ նոր չափորոշիչների ընդունումը և այն ժամաքանակը, որը դպրոցներում մնում է ռուսաց լեզվի համար, մեզ անհանգստացնում է։ Հուսով ենք, որ ձեր դպրոցներում ռուսաց լեզվի ժամերի քանակը կպահպանվի, եթե, իհարկե, երեխաներն ունեն դրա անհրաժեշտությունը»,- ասել է դիվանագետը ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների բացման արարողության ժամանակ։
Նա վստահություն է հայտնել, որ նման անհրաժեշտություն կա, նաև հույս է հայտնել, որ այդ հետաքրքրությունը կպահպանվի:
Երևանում մեկնարկել են ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները, որոնց մասնակցում է 50 մանկավարժ Հայաստանի 45-ից ավելի բնակավայրերից։