27 հունվարի 2025 - 10:38 AMT
Փաշինյան․ Բաքվում պահվող հայերի նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս: Նա հավելել է, որ այդ մասին կան հետախուզական տվյալներ։

Նա հավելել է, որ նպատակը էսկալացիա հրահրելն է։

«Այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է տարածաշրջանում էսկալացիա հրահրելու համար: Հետախուզական տվյալներ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են օգտագործում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիա հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզեն։ Այդ դատավարությունը օգտագործվելու է ՀՀ դեմ»,- ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս կան ուժեր, որոնք խնդիր են դրել նոր էսկալացիա գեներացնել։

«Ամեն ինչ սկսվում է լեզվակռվից, փորձում են մեզ ներքաշել լեզվակռվի մեջ», - հավելել է նա՝ նշելով, որ Հայաստանի որդեգրած ռազմավարությունն ուղղված է պատերազմից խուսափելուն։

Փաշինյանը նաև արձագանքել է այն քննադատություններին, թե «ոչինչ չեն անում» Բաքվում գտնվող հայերի ազատման ուղղությամբ։

«Մենք որևէ մեկին հակառակորդ չենք համարում այնտեղ գտնվող: Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ գործընթաց է տեղի ունենում», - ասել է նա։

Փաշինյանն անդրադարձել է նաև ներքին և արտաքին քաղաքական մի շարք այլ հարցերի։

Նա հայտարարել է, որ իշխանությունն արտահերթ ընտրությունների անցկացման պլաններ չունի։

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ Փաշինյանն ասել է, որ որևէ հայկական ռազմավարական ենթակառուցվածք չի կարող փոխանցվել այլ երկրի վերահսկողության տակ։

Բանակի բարեփոխումներին անդրադառնալով՝ վարչապետը շեշտել է, որ Արարատի ու Արագածի դիսկուրսը շատ պրակտիկ խնդիրներ լուծելու համար է։

«Եթե մեր խոսույթն այն լինի, որ մենք Արարատի նկարով գնանք, ասենք՝ զենք տվենք, ոչ մեկը մեզ զենք չի տալու», - ասել նա։

Վարչապետն անդրադարձել է նաև տնտեսական բարեփոխումներին՝ հայտարարելով, որ համընդհանուր հայտարարագրումը կարող է խթանել սոցիալական աջակցությունը։ Նա հայտնել է, որ հայտարարագրման համար անհրաժեշտ 3000 դրամ վճարները չեղարկվելու են։

Տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Փաշինյանը նշել է. «Ես կողմ եմ, որ Երևան քաղաքն ունենա տրանսպորտ 5, 10 տարի հետո»:

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում կայացել է Արցախի ղեկավարների գործով դատավարության առաջին նիստը։

Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։