ՄԻՊ-ը կոչ է անում զերծ մնալ երեխաների թիրախավորման պատճառ դարձող նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից։ Երեխաների մասնակցությամբ լուսանկարներ և տեսանյութեր տարածելիս անհրաժեշտ է գործել «լավագույնի շահի» և «մի՛ վնասիր» սկզբունքներով։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնել է, որ սոցիալական ցանցերում երեխաների մասնակցությամբ տեսանյութերի տարածումը շարունակվում է, ինչը հաճախ հանգեցնում է նրանց թիրախավորման և բուլինգի։ Նշվում է, որ դեպքերն արձանագրվել են ինչպես մշտադիտարկումների, այնպես էլ քաղաքացիների գրավոր և բանավոր դիմում-բողոքների ու թեժ գծի զանգերի միջոցով։
Շատ դեպքերում անձնական տվյալներն առանց երեխաների կամ նրանց օրինական ներկայացուցիչների թույլտվության են հրապարակվում, ինչը անթույլատրելի է և հակասում է օրենքներին։
Նշվում է, որ ռրեխաների անձնական տվյալների հրապարակումը կամ հանրայնացումը պետք է իրականացվի բացառապես միջազգային և ներպետական օրենսդրության պահանջների պահպանմամբ։ Մասնավորապես, պետք է խստորեն պահպանել անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով նախատեսված կանոնները։
ՄԻՊ-ը նաև շեշտել է հանրային իրազեկման և կրթական արշավների անհրաժեշտությունը, որոնք կբարձրացնեն հասարակության գիտակցությունն անձնական տվյալների պաշտպանության կարևորության մասին։ Ընդգծվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները խախտելու համար սահմանված պատասխանատվության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը։
ՄԻՊ-ը կարևորել է պետական իրավասու մարմինների, այդ թվում՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հետևողականությունը՝ նման դեպքերին պատշաճ արձագանքելու համար։