27 հունվարի 2025 - 13:40 AMT
Վարչապետ․ Սահմանազատման արդյունքում ՀՀ որևէ ռազմավարական ենթակառուցվածք չի կարող փոխանցվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ սահմանազատման արդյունքում Հայաստանի որևէ ռազմավարական ենթակառուցվածք չի կարող փոխանցվել այլ երկրի վերահսկողությանը։

«Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք չի կարող մնալ ուրիշին։ Սահմանազատման իմաստն այն է, որ միջազգայնորեն ճանաչված դե յուրե սահմանները հողի վրա արտահայտվեն»,- ասել է նա։

Վարչապետը չի բացառել, որ սահմանազատման ընթացքում կարող է առաջանալ որոշակի տարածքների փոխանակման անհրաժեշտություն, ինչը հնարավոր կլինի իրականացնել միայն հանրաքվեով։

Նա տեղեկացրել է, որ սահմանազատման գործընթացն իրականացվում է ԵԱՀԿ սահմանազատման կանոնակարգով, որը, սակայն, իրավական փաստաթուղթ չէ։

Հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համաձայնությունը նախատեսում է աշխատանքների մեկնարկ հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարունակություն հարավային ուղղությամբ՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։