27 հունվարի 2025 - 16:26 AMT
ՌԴ հայերի միություն․ Փաշինյանի խոսքերը Հայոց ցեղասպանության մասին խեղաթյուրում են պատմական իրողությունները

Շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ըստ Ռուսաստանի հայերի միության, խեղաթյուրում են պատմական իրողությունները։ Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նման արտահայտությունների նպատակը հայկական արժեքների արժեզրկումն է և ամոթալի բանավեճի հրահրումը, հայտնում է Aysor.am-ը։

«Հայաստանի վարչապետը Ցյուրիխում կոչ է արել «վերանայել» Ցեղասպանության հարցը և հասկանալ, թե «ինչ է տեղի ունեցել և ինչու»։

Փաշինյանը Շվեյցարիան ընտրել է՝ որպես հարթակ, որտեղ Հայոց ցեղասպանության ժխտումը, ինչպես նաև Հոլոքոստի ժխտումը, քրեական հանցագործություն է։ Նա, լինելով քաջատեղյակ ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձություններին, դիսկուրս է ստեղծում, որը, ըստ Ռուսաստանի հայերի միության, նպատակ ունի արժեզրկել ազգային արժեքներն ու ձեռքբերումները։

«Նման հայտարարություններով պղծվում է Հայոց ցեղասպանության 1․5 միլիոն զոհերի հիշատակը, որոնք սրբադասվել են Հայ առաքելական եկեղեցու կողմից», - նշվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Փաշինյանը Շվեյցարիաում հայ համայնքի հետ հանդիպմանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, ասել է, որ պետք է հասկանանք, թե «ինչ է եղել և ինչու»։