ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հույս է հայտնել, որ Հայաստանը շուտով կվերականգնի լիարժեք համագործակցությունը ԱՊՀ շրջանակում՝ չնայած Բելառուսում ընտրություններին դիտորդական առաքելությանը մասնակցելուց հրաժարվելուն։
«Հուսով եմ, որ Հայաստանը կվերադառնա ԱՊՀ-ի շրջանակներում լիարժեք համագործակցությանը»,- ասել է նա լրագրողներին, գրում է ՏԱՍՍ–ը։
Լեբեդևն ընդգծել է, որ Մինսկում նույնպես պատրաստ են գործակցության։
«Բելառուսը պատրաստ է գործակցության»,- հավելել է նա։
Ավելի վաղ Լեբեդևը հայտնել էր, որ Հայաստանի ներկայացուցիչները, ինչպես նաև Մոլդովայի և Ուկրաինայի պատվիրակությունները, չեն մասնակցել հունվարի 26-ին կայացած Բելառուսի նախագահական ընտրությունների դիտարկմանը։
Ավելի վաղ պետական այցով Ադրբեջան այցելած Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մեկնել էր գրավյալ Արցախ, մասնավորապես, Շուշի, որտեղ մի շարք սկանդալային հայտարարություններ էր արել, որից պարզ է դարձել որ Արցախի դեմ հնարավոր պատերազմը նա քննարկել է 2020–ից առաջ Ալիևի հետ։ Նա ասել է, որ դեռևս 2020–ից առաջ Ալիևի հետ «փիլիսոփայական զրույցներ են ունեցել» պատերազմով հակամարտությունը հանգուցալուծելու և հետագա վերականգնման դժվարությունների մասին։ Նա նաև ասել է, թե «ասյուհետ Ալիևն է Հարավային Կովկասի առաջնորդը», որ նա «պետք է վերահսկի տարածաշրջանը»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Նա ասել է, որ ոչ ինքը, ոչ էլ որևէ հայ պաշտոնյա Բելառուս չի գնա, քանի դեռ այդ երկրում Ալեքսանդր Լուկաշենկոն է նախագահում։