27 հունվարի 2025 - 17:57 AMT
ՌԴ դեսպան․ Ակնկալում ենք, որ ՀՀ–ն կմասնակցի Հայրենականում հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին

Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունը կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին, որոնք նախատեսվում են այս տարվա մայիսին։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Լենինգրադի շրջափակումից ազատագրման 81-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում։

«Դուք գիտեք, որ ՌԴ նախագահը ԱՊՀ իր գործընկերներին հրավիրել է 2025 թվականի մայիսին Մոսկվայում կայանալիք հոբելյանական միջոցառումներին»,- նշել է նա Երևանում՝ շրջափակման մեջ գտնվող երեխաների հուշարձանի մոտ, հայտնում է Sputnik Արմենիան։

Կոպիրկինը հիշեցրել է, որ այդ հուշարձանը բացվել է 10 տարի առաջ Երևանի քաղաքապետի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետի նախաձեռնությամբ։ Նրա խոսքով՝ ամեն տարի այստեղ հարգանքի տուրք է մատուցվում այն մեծ մարդասիրական գործին, որն իրականացրել է հայ ժողովուրդը Լենինգրադի շրջափակման ընթացքում երեխաներին աջակցելով։

«Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին Ռուսաստանի, ռուս ժողովրդի անունից՝ մարդասիրության այս մեծ արարքի համար։ Վստահ եղեք, մենք դա երբեք չենք մոռանա»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը։

Դեսպանն անդրադարձել է նաև պատմական հիշողության պահպանման խնդրին՝ ընդգծելով, որ այսօր փորձ է արվում ոչ միայն խեղաթյուրել պատմական փաստերը, այլև ամբողջությամբ վերաշարադրել պատմությունը։ Կոպիրկինը շեշտել է, որ ներկայիս գլխավոր բարոյական խնդիրը պատմական ճշմարտության պաշտպանությունն է։