27 հունվարի 2025 - 18:19 AMT
Genesis Armenia․ Փաշինյանի խոսքերը վտանգում են Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչումը

Genesis Armenia հիմնադրամը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները, որոնք նա արել է Շվեյցարիայում, վտանգում են Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչումը։

Ըստ հիմնադրամի հայտարարության՝ այդ տեսակետները ոչ միայն զուրկ են գիտական ու տրամաբանական հիմքերից, այլև ուղղակիորեն սպառնում են հայ ժողովրդի պատմական ժառանգությանը և վարկաբեկում են համաշխարհային պատմության կարևորագույն իրադարձություններից մեկը։ Հիմնադրամը դրանք բնորոշել է որպես «հայ ժողովրդի քաղաքական պայքարի դեմ ուղղված ամենատգետ ու ամենաստորացուցիչ գործողություններից մեկը»՝ ընդգծելով, որ դա հարվածում է ինչպես հայ ժողովրդի արդարության հասնելու իրավունքին, այնպես էլ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար արժևորված արժեքներին։

Genesis Armenia-ն ընդգծել է, որ նման հայտարարությունները ոչ միայն սասանում են հայկական պետականության իրավական և անվտանգային հիմքերը, այլև վտանգում են միջազգային իրավունքի շրջանակներում ցեղասպանության ճանաչման կարևոր սկզբունքները։ Ըստ հիմնադրամի՝ Փաշինյանը խուսափել է ուղղակիորեն մեղադրել Օսմանյան կայսրության ու Թուրքիայի Հանրապետության իշխանություններին ցեղասպանության մեջ, ինչը ռեվիզիոնիզմի հստակ դրսևորում է։

Հայտարարության մեջ նշվում է, որ Փաշինյանի քայլերն ուղղված են պատմական փաստերը վերաշարադրելուն՝ նպատակ ունենալով արդարացնել Օսմանյան կայսրության և Թուրքիայի իրավահաջորդի՝ ցեղասպանության մեղավորությունը։ Հիմնադրամը այս գործելաոճը որակում է որպես դավաճանություն՝ ընդդեմ զոհվածների հիշատակին և մարդկային քաղաքակրթության արժեքներին։

Հիմնադրամը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը տեղի է ունեցել մի երկրում՝ Շվեյցարիայում, որը 2006 թվականին ազատազրկման է դատապարտել Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանության իրողությունը ժխտելու համար։ Սակայն հիմնադրամը խիստ քննադատել է նաև շվեյցարահայ համայնքի որոշ շրջանակների լռությունը՝ ընդգծելով, որ միայն առանձին կառույցներ ու գործիչներ են հետևողականորեն հանդես գալիս հայության իրավունքների վերականգնման և արդարության պահանջի համար։

Genesis Armenia-ն իր հայտարարության մեջ շեշտել է, որ ցեղասպանության ժխտումը կամ մոռացության մատնելը համարվում են հակաբարոյական պատմական կեղծիք և հանցագործություն։ Հիմնադրամը վերահաստատել է իր հաստատակամությունը՝ շարունակելու պայքարը ազգային շահերի, պատմական ճշմարտության և արդարության վերականգնման ուղղությամբ։

Փաշինյանը Շվեյցարիաում հայ համայնքի հետ հանդիպմանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, ասել է, որ պետք է հասկանանք, թե «ինչ է եղել և ինչու»։

Շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ընթացքում վարչապետՆիկոլ Փաշինյանիհնչեցրած հայտարարություններըՀայոց ցեղասպանությանվերաբերյալ դատապարտել է նաև Ռուսաստանի հայերի միությունը։