ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը Դամասկոսում հանդիպել է երկրի նորանշանակ արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շայբանիի հետ` քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները։
ԱԳ նախարարի տեղակալը փոխանցել է Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ զարգացնել երկկողմ հարաբերությունները սիրիական կողմի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ:
Վահան Կոստանյանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու հումանիտար և բարեփոխումների իրականացման ոլորտներում, ինչպես նաև Սիրիայում առաջնահերթություն համարվող տարատեսակ այլ ծրագրերին:
Երկուստեք շեշտվել են Հայաստանի և Սիրիայի ժողովուրդների միջև առկա պատմական ամուր կապերը: Այս համատեքստում աջակցություն է հայտնվել Սիրիայում համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և ներառականությանն ուղղված ջանքերին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով հարևանների հետ հարաբերությունների կարգավորման կարևորությունը:
Սիրիական կողմը բարձր է գնահատել ՀՀ պատվիրակության այցը Դամասկոս: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները:
Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը, ով ավելի քան 25 տարի ղեկավարել է երկիրը, անցյալ տարվա դեկտեմբերի 8-ին մայրաքաղաք Դամասկոսի վերահսկողության կորստից հետո տեղափոխվել է Ռուսաստան։ Մոսկվան ապաստան է տրամադրել Ասադին և նրա ընտանիքին։