28 հունվարի 2025 - 14:06 AMT
Ադրբեջանի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ՝ տարակուսած են հակառուսական հրապարակումներով

Հունվարի 7-ին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպման է հրավիրել Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին։ Գալուզինը կարևորել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցումը «ռազմավարական գործընկերության և դաշնակցային ոգով՝ հիմնված 2022 թվականի փետրվարի 22-ին բարձր մակարդակով ստորագրված հռչակագրի վրա»։

«Այս համատեքստում տարակուսանք է արտահայտվել ադրբեջանական լրատվամիջոցներում վերջերս տեղ գտած հակառուսական հրապարակումների շարքի, ինչպես նաև Բաքվի Ռուսական տան դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչության վերաբերյալ։ Այս նյութերում հնչած մեղադրանքներն ամբողջությամբ անհիմն են»,– նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է Turan-ը։

Բացի այդ, քննարկվել է դեկտեմբերի 25-ին Ակտաուի մոտակայքում տեղի ունեցած «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի վթարը։ Ռուսական կողմը շեշտել է պաշտոնական հետաքննության ավարտի և դրա արդյունքների հրապարակման կարևորությունը՝ ողբերգության բոլոր հանգամանքները պարզելու համար։