28 հունվարի 2025 - 16:01 AMT
Րաֆֆի Հովհաննիսյան. Չեմ համարում, որ ՀՀ–ն լեգիտիմ ղեկավար ունի

ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը Եռաբլուրում հայտարարել է, որ Արցախի կորստի, հայ ռազմագերիների և զոհված տղաների համար պատասխանատուն մեկ անձ է իր բոլոր ածանցյալներով։

Անդրադառնալով Արարատ-Արագած հակադրությանը և Հայոց ցեղասպանության թեմային՝ Հովհաննիսյանը հայտարարել է, որ այլևս չի համարում, թե ՀՀ-ն ունի լիարժեք և լեգիտիմ ղեկավար, հայտնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր․ «Արարատի և Արագածի դիսկուրսը շատ կարևոր է առաջին հերթին բանակի բարեփոխումների համար, քանի որ Արարատի ու պատմական Հայաստանի խոսույթի ներքո Հայաստանին ոչ ոք զենք չի վաճառի»։

Նա նաև Ցյուրիխում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ կոչ էր արել վերաիմաստավորել Հայոց ցեղասպանության պատմությունը՝ հասկանալու դրա պատճառներն ու հետևանքները։

«Արցախի կորստի, հայ ռազմագերիների և զոհված տղաների համար կա մեկ հանցավոր, գլխավոր պատասխանատու իր բոլոր ածանցյալներով։ Բոլորս ենք պատասխանատու և մեղավոր, բայց հիմնական մեղավորը, հանցավորն այդ մարդն է, ում անունը ես չեմ տալիս»,– ասել է Հովհաննիսյանը»,–ասել է նա։

Հովհաննիսյանը նշել է, որ անհրաժեշտ է լինել արժանի այն տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին Արարատի և Արագածի, իրականի և պատմականի պաշտպանության համար։ Նա ընդգծել է, որ դրանք միասնական հասկացություններ են, և նրանք, ովքեր այլ կարծիք են հայտնում, պարզապես արտահայտում են իրենց անձնական տեսակետը։

Հունվարի 28-ին նշվում է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձը։