Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը ֆեյսբուքյան եթերում դիմել է երևանցիներին՝ պնդելով, որ տրանսպորտում մեկ ուղևորության արժեքը պետք է լինի 100 դրամ, և կոչ է արել փետրվարի 1-ից բոյկոտել նոր ուղեվարձը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ որոշվել է 150 դրամ սահմանել մեկ ուղևորության սակագինը, որը կգործի 2025 թվականին, իսկ հաջորդ տարիներին կարող է բարձրանալ ոչ ավելի, քան 10 դրամով։
Նա նշել է, որ մեկ ուղևորության սակագինը 150 դրամ սահմանելու որոշումը վկայում է, որ քաղաքային իշխանությունները զիջել են հանրային ճնշմանը, և որ սակագնի որևէ հաշվարկ չէր արվել։
«Ոչ մի թիվ չկա նրանց յուրաքանչյուր որոշման տակ, նպատակը մեկն է՝ ուղղակի թալանել ժողովրդին»,- ասել է Մարությանը։
Նա ընդգծել է, որ քաղաքացիների պահանջը մնում է նույնը՝ ուղևորավարձը պետք է լինի 100 դրամ, հետևաբար բոյկոտը շարունակվելու է։
Ավելի վաղ Ավինյանը պնդել էր, որ առանց նոր սակագների հնարավոր չէ ապահովել տրանսպորտի կայուն և որակյալ աշխատանքը՝ հավելելով, որ հետքայլ չի լինելու և փետրվարի 1-ից հանրային տրանսպորտը կգործի նոր սակագներով։
«Մայր Հայաստան» խմբակցությունն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի թիմը բողոքում են տրանսպորտի թանկացման դեմ։ Նրանք առաջարկում են նոր սակագնային փաթեթները պահպանելու հետ միասին հնարավորություն տալ ուղևորներին նաև մեկ ուղղության համար վճարել 100 դրամ։ Մարությանը կոչ է արել փետրվարի 1–ից բոյկոտել ուղեվարձի թանկացումը՝ 100 դրամ վճարել և իջնել։