29 հունվարի 2025 - 11:13 AMT
ՌԴ–ում մտադիր են միգրանտների ապօրինի ներկայությունը ծանրացուցիչ հանգամանք դիտարկել՝ խախտումների դեպքում

ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավոներ Լեոնիդ Սլուցկու գլխավորությամբ օրինագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է միգրանտների անօրինական ներկայությունը Ռուսաստանում համարել ծանրացուցիչ հանգամանք վարչական խախտումների դեպքում:

Ավելի վաղ ՌԴ կառավարությունը աջակցել էր այս նախաձեռնությանը, պայմանով, որ այն կլրամշակվի, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Օրինագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների օրենսգրքի 4.3-րդ հոդվածում՝ ավելացնելով նոր կետ, համաձայն որի՝ անձի կողմից վարչական իրավախախտման կատարումը, երբ նա գտնվում է երկրում անօրինական հիմունքներով, պետք է դիտարկվի որպես ծանրացուցիչ հանգամանք։ Սա, անկասկած, հնարավորություն կտա կիրառելու ավելի խիստ պատժամիջոցներ վարչական պատասխանատվության ենթարկելիս», – նշված է բացատրական գրությունում։

Փաստաթղթում նշվում է, որ իրավապահ մարմինների տվյալներով՝ ներկայումս Ռուսաստանում կա մոտ 739 հազար անօրինական միգրանտ։ Ըստ գործող կարգի՝ նրանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեն տարբերվում Ռուսաստանի քաղաքացիների կամ օրինական կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար նախատեսված պատժից։

Սլուցկին ընդգծել է, որ անօրինական միգրացիան պետք է դիտարկվի որպես ծանրացուցիչ հանգամանք ոչ միայն քրեական հանցագործությունների, այլև ցանկացած խախտման դեպքում։ Նրա խոսքով՝ եթե մարդը մուտք է գործել Ռուսաստան առանց անհրաժեշտ փաստաթղթերի, «արհամարհելով օրենքը», ապա նա արդեն վտանգ է ներկայացնում։

«Անօրինական միգրանտները հանցագործություններ են կատարում տարբեր ոլորտներում՝ ստեղծելով ստվերային շուկաներ, խուսափելով հարկերից, զբաղվելով անօրինական առևտրով, կեղծելով փաստաթղթեր, թմրանյութերի առևտրով։ Ի վերջո, նրանք հարձակվում են մեր քաղաքացիների վրա՝ առանց տարբերություն դնելու սեռի կամ տարիքի։ Մենք պետք է արմատախիլ անենք անօրինական միգրացիան։ Ցանկացած անօրինական միգրանտ պոտենցիալ հանցագործ է, քանի որ նա ինչ-որ պատճառով հրաժարվել է մուտք գործել Ռուսաստան օրինական ճանապարհով։ Նման անձինք չպետք է ապրեն բարեպաշտ քաղաքացիների կողքին», – նշել է պատգամավորը։

Օրինագծի հեղինակները կարծում են, որ այս միջոցը կնպաստի օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող հանցագործությունների նվազեցմանը, կբարձրացնի քաղաքացիների անվտանգությունը և կարևոր քայլ կլինի անօրինական միգրացիայի դեմ պայքարում։