29 հունվարի 2025 - 12:00 AMT
Պուտինը պատրաստ չէ խաղաղության պայմանագիր կնքել Զելենսկու հետ՝ վերջինս «լեգիտիմ չէ»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ չէ ստորագրել խաղաղության պայմանագիր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նա կրկնել է իր դիրքորոշումը՝ պնդելով, որ Ուկրաինայում միակ լեգիտիմ իշխանությունը Գերագույն Ռադան է։

«Կարելի է բանակցել ցանկացածի հետ, սակայն իր լեգիտիմության բացակայության պատճառով Զելենսկին իրավունք չունի ոչինչ ստորագրելու։ Եթե նա ցանկանում է մասնակցել բանակցություններին, ես կնշանակեմ մարդկանց, ովքեր այդ բանակցությունները կվարեն», – ասել է Պուտինը «Ռոսիա 1» ալիքին տված հարցազրույցում հունվարի 28-ին, գրում է «Էխո Կավկազա»–ն։

Ռուսաստանի ղեկավարը կրկին ընդգծել է, որ, իր կարծիքով, Զելենսկու պաշտոնավարման ժամկետը ավարտվել է, քանի որ Ուկրաինայում ընտրություններ չեն անցկացվել սահմանված ժամկետներում։

2024 թվականի ապրիլին Եվրախորհրդարանը կոչ էր արել Եվրամիությանը չճանաչել Ռուսաստանի նախագահական ընտրությունների արդյունքները։

Պուտինը նաև հայտարարել է, որ եթե արևմտյան երկրները դադարեցնեն Ուկրաինային ֆինանսական և ռազմական աջակցությունը, պատերազմը կավարտվի երկու ամսվա ընթացքում։ Բացի այդ, նա նշել է, որ Մոսկվան պատերազմից առաջ առաջարկել էր Ուկրաինայի զինված ուժերին լքել ինքնահռչակ «ԴԺՀ» և «ԼԺՀ» տարածքները։ Նրա խոսքով՝ եթե Կիևը համաձայնվեր, ռազմական գործողություններ չէին սկսվի։

Պուտինը հայտնել է նաև, որ 2022 թվականի գարնանը պատրաստ էր անձամբ հանդիպել Զելենսկու հետ և այդ մասին «հատուկ ազդակներ» էր ուղարկել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին։

Զելենսկու պաշտոնավարման ժամկետը լրացել է 2023 թվականի մայիսին։ Սակայն նա շարունակում է պաշտոնավարել, քանի որ ընտրություններ անցկացնելը պատերազմական պայմաններում անհնար է։ Ռուսաստանը պարբերաբար օգտագործում է այս փաստը՝ հայտարարելով Զելենսկու լեգիտիմության բացակայության մասին։

2022 թվականի հոկտեմբերին Զելենսկին հրամանագիր էր ստորագրել, որով արգելվում էր բանակցել Պուտինի հետ՝ Ռուսաստանի կողմից չորս ուկրաինական տարածքների անեքսիայից հետո։ Սակայն հունվարի 26-ին նա պարզաբանել էր, որ այդ արգելքը վերաբերում է բոլորին, բացի իրենից։ Զելենսկին նաև հայտարարել է, որ պատերազմի ամենաարագ դադարեցումը կարող է ապահովել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա նաև ընդգծել է, որ արդար խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի ցանկությունը, սակայն, իր կարծիքով, Պուտինը դեռևս չի ցուցաբերել նման պատրաստակամություն։ Զելենսկին հավելել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է ապահովեն Եվրոպան և ԱՄՆ-ը։