29 հունվարի 2025 - 14:57 AMT
Բարսեղյան. ԵԱՏՄ-ն անդամ երկրների արդյունաբերական ճյուղերում նոր նախագծեր կֆինանսավորի

Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման նոր մեխանիզմի շրջանակում որոշվել է սուբսիդավորել առաջին երկու նախաձեռնությունները։ Այդ մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը։

Նա կոչ է արել հայկական բիզնեսին ակտիվ լինել։

Բարսեղյանը նշել է, որ ԵՏՀ խորհուրդը հունվարի 22-ի նիստում հաստատել է երեք երկրներին ընդգրկող առաջին ծրագրերը, հայտնում է Արմենպրեսը։

Այս նոր մեխանիզմի հիմնական նպատակն է ձևավորել համատեղ կոոպերացիոն արժեքային շղթաներ, որոնք կնպաստեն նոր արտադրական հզորությունների ձևավորմանն ու առկա գործարանների արդիականացմանը՝ Միության անդամ երկրների ներուժն օգտագործելով։ Համաձայն ծրագրի՝ ԵԱՏՄ բյուջեից կսուբսիդավորվեն այն վարկերի կամ փոխառությունների տոկոսադրույքները, որոնք տրամադրվել են արդյունաբերական նախագծերի իրականացման համար։ Այդ սուբսիդավորումը կատարվում է անդամ երկրի կենտրոնական բանկի հիմնական տոկոսադրույքի 100%-ի չափով։

Նախագիծը փորձնական է և նախատեսված է հինգ տարվա համար՝ ընդգրկելով վերամշակող արդյունաբերության բոլոր ոլորտները, բացառությամբ սննդի վերամշակման։ Միևնույն ժամանակ, մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր նախագծի համար նախատեսվող սուբսիդավորման առավելագույն չափը չի կարող գերազանցել 350 միլիոն ռուբլին, իսկ բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքը չպետք է գերազանցի տվյալ երկրի հիմնական տոկոսադրույքը՝ գումարած 6․5%։

Ըստ Բարսեղյանի, արդեն կազմվել է 64 բանկերի և 9 զարգացման ինստիտուտների ցանկ, որոնք կկարողանան մասնակցել այս մեխանիզմին։ Հայաստանում նման հնարավորություն կունենա 17 բանկ։

«Կոչ եմ անում հայկական բիզնեսին ավելի ակտիվորեն ներգրավվել նախագծերի մշակման գործընթացում։ Հանձնաժողովի կողմից հաստատում եմ մեր պատրաստակամությունը աջակցելու բիզնեսի ցանկացած նախաձեռնությանը իրական հատվածում։ Մենք պատրաստ ենք աջակցել հայկական ձեռնարկություններին՝ լրացուցիչ խորհրդատվություններ տրամադրելու, մեխանիզմի մանրամասները պարզաբանելու, ԵԱՏՄ-ի շրջանակում կապեր հաստատելու և գործընկերներ գտնելու գործում։ Հուսով եմ, որ Հայաստանի բիզնեսը շուտով կդառնա եվրասիական կոոպերացիոն շղթաների մաս»,–ասել է Բարսեղյանը։