29 հունվարի 2025 - 18:11 AMT
ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Ադրբեջան այցի մասին․ Գուցե այլ ձևակերպում պետք է տայինք

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Գևորգյանի հարցին ի պատասխան՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձել է Ադրբեջան կատարած իր այցին և դրա վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը՝ նշելով, որ «գուցե այլ ձևակերպում պետք է տային»։

«Դուք վերցրել եք մեր՝ Բաքու այցի մասին մամուլի հաղորդագրությունից մի կարճ հատված։ Ուստի հիմա ուզում եմ մի քանի բան ասել Ադրբեջան այցի մասին»,–ասել է նա, հայտնում է Aravot.am-ը։

Արմեն Գևորգյանը, հղում կատարելով COP29-ի շրջանակում Ալեն Բերսեի՝ Բաքու կատարած այցի պաշտոնական հաղորդագրությանը, ասել էր. «Անցյալ տարի նոյեմբերին Բաքվում Ձեր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության համաձայն Դուք «ընդգծել եք Ադրբեջանի կարևոր ներդրումը միջկրոնական և միջմշակութային երկխոսության հարցում։ Եթե սա Ձեր անկեղծ գնահատականն է, այն կարող է ընկալվել՝ որպես Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքին ուղղված քաջալերանք և շարունակելու հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացումը։ Այս մասին ի՞նչ կարող եք ասել Արցախում իրականացված ցեղասպանության զոհերի հարազատներին»։

ԵԽ գլխավոր քարտուղարը պարզաբանել է, որ Արմեն Գևորգյանի մեջբերած հատվածը նվիրված էր այն փաստին, որ ԵԽ-ն հրավիրվել էր միջազգային, միջկրոնական համաժողովին COP29-ի շրջանակում։

«Այս տեսանկյունից հասկանում եմ Ձեր դիտարկումը, միգուցե այլ ձևակերպում պետք է տայինք, բայց իրականում դա կենտրոնացած էր հենց այս բաղադրիչի վրա, որը նշեցի։ Ուզում եմ նշել, որ դա կարևոր հնարավորություն էր այցելելու Բաքու անցյալ տարի։

Լավատեղյակ եմ բոլոր այն դժվարություններին, որոնք մենք ունենք Ադրբեջանի հետ կապված։ Ինձ համար կարևոր է տեսնել, որ ինչ-որ բան տեղից շարժվում է։ Նկատի չունեմ այն, որ ունենալ շարժում շարժման համար։ Մեզ համար կարևոր է, որ իրականացվեն ՄԻԵԴ որոշումները։ Կարևոր է նաև Ադրբեջանի կողմից 2022-2025թթ․ գործողությունների ծրագրի իրականացումը, ինչն այս պահին դադարեցված է, դա նաև կապված է մոնիտորինգային գործողությունների և ԵԽԽՎ հանձնաժողովների հետ համագործակցության հետ։ Դրա համար էլ մենք Բաքվում հանդիպել ենք»,–ասել է նա։

Բերսեն հավելել է, որ Բաքու այցից առաջ և հետո կապի մեջ է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ընդգծելով, որ վարչապետը տեղեկացված է այն աջակցության մասին, որը տրամադրվում է Հայաստանին այս իրավիճակում։