Շվեյցարիայի Հայկական և հայամետ միությունների խորհուրդը (CAAS) կոչ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարզաբանել հունվարի 24-ին Ցյուրիխում արված իր հայտարարությունները։
Խորհուրդն իր խորը մտահոգությունն է հայտնել շվեյցարահայ համայնքի տարբեր ոլորտներում ներգրավված անդամների հետ վերջին հանդիպման ժամանակ Փաշինյանի արած հայտարարությունների կապակցությամբ։
«Այս հայտարարությունները, որոնք մենք համարում ենք վիճահարույց, վարկաբեկում են Հայոց ցեղասպանության հիշատակը և օրինաչափ հարցեր են առաջացնում մարդկության դեմ այս հանցագործության ամբողջական ըմբռնման և դրա միջազգային ճանաչման Հայաստանի կառավարության հանձնառության վերաբերյալ:
Ավելի քան կես դար Հայոց ցեղասպանության ճանաչումը առաջնահերթություն է եղել զոհերի ժառանգների և հանուն պատմական արդարության գործող կազմակերպությունների համար։ Որպես Շվեյցարիայի հայկական սփյուռք՝ մենք կարծում ենք, որ այս ճանաչման կարևորությունը թերագնահատելը կամ հարաբերականացումը հակասում են աշխարհասփյուռ հայ համայնքի ակնկալիքներին»,–ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հիմնված է անվիճելի պատմական փաստերի վրա, որոնք հաստատվել են հարյուրավոր հետազոտողների, ակադեմիական հաստատությունների և մի շարք պետությունների կողմից, այդ թվում՝ Շվեյցարիայի, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2003 թվականին իր Ազգային խորհրդի մակարդակով, բայց ամենակարևորը՝ հենց Հայաստանի Հանրապետության կողմից։ Նշվում է նաև, որ ցեղասպանության ճանաչմանն ուղղված այս պայքարը վեր է քաղաքական բաժանումներից և համընդհանուր արդարություն է հետապնդում:
CAAS-ը կոչ է անում Հայաստանի կառավարությանը և նրա ներկայացուցիչներին կատարել իրենց պարտականությունները:
«Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական կամ դիվանագիտական նկատառումներով, և չպետք է թույլ տա հայ ազգի հակառակորդներին շահարկել նման հայտարարությունները ժխտողական նպատակներով։ Մենք կոչ ենք անում վարչապետին պարզաբանել իր արտահայտությունները և միանշանակ վերահաստատել իր հավատարմությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։
Եթե Հայաստանի կառավարությունը շարունակի հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարից, CAAS-ի, ընդհանրապես Սփյուռքի և այս գործի բոլոր դաշնակիցների պարտականությունը կլինի անդադար շարունակել այս պատմական պայքարը: Զոհերի հիշատակը, նրանց ժառանգների պատիվը, արդարության ու ճշմարտության հիմնարար սկզբունքները պահանջում են, որ երբեք չդադարեցվի այդ պայքարը՝ անկախ քաղաքական հանգամանքներից կամ հանդիպած խոչընդոտներից։
Մենք նաև կոչ ենք անում հայկական սփյուռքին և հայ ժողովրդի բարեկամներին մնալ միասնական և զգոն՝ ընդդեմ ռևիզիոնիզմի (հաստատված փաստերի վերանայման) կամ մեր ընդհանուր գործը մղող հիմնարար արժեքներից հրաժարվելու ցանկացած փորձի։ Զոհերի հիշատակը, նրանց ժառանգների արժանապատվությունը և պատմության դասերը չեն կարող զոհաբերվել կարճաժամկետ շահերի անվան տակ»,–ասվում է հայտարարության մեջ։
Հունվարի 24-ին Ցյուրիխում հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, ասել էր, որ դեռ պետք է հասկանանք ինչ է եղել և ինչու։