30 հունվարի 2025 - 11:25 AMT
ԱԺ-ում քննարկում են կենդանիների հանդեպ պատասխանատու վերաբերմունքն կարգավորող օրենքներ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի և Արուսյակ Մանավազյանի հեղինակությամբ շրջանառության մեջ է դրվել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։

Հունվարի 29-ին, Մերի Գալստյանի նախաձեռնությամբ, խորհրդարանում տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի պատշաճ արձանագրման, քննության իրականացման և մինչդատական ու դատական փուլերում գործերի վարման արդյունավետության ապահովման հարցերին։ Քննարկմանը մասնակցել են օրենսդիր մարմնի, ՀՀ գլխավոր դատախազության, ՆԳ նախարարության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ։

Մերի Գալստյանը նշել է, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի քննության վերաբերյալ հաճախ ահազանգում են ինչպես քաղաքացիները, այնպես էլ կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները։ Պատգամավորը կարևորել է իրավապահ մարմինների առավել ուշադիր մոտեցումը, քանի որ կենդանիների դեմ իրականացվող դաժան գործողությունները կարող են կապ ունենալ հանրային անվտանգության հետ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի տեղեկացմամբ, 2024 թվականի ընթացքում արձանագրվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի 41 դեպք, որոնցից 10-ի վարույթը կարճվել է, 3 գործ ուղարկվել է դատարան, իսկ 28-ի նախաքննությունը շարունակվում է։ «Արձանագրված 41 դեպքերից հասարակական հնչեղություն ունեցող Արարատի մարզում տեղի ունեցած դեպքին վերաբերող գործը 2025 թվականի հունվարի 7-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- նշել է Այվազյանը։

Քննարկման մասնակիցները կարևորել են հարցերի ու խնդիրների հստակ ձևակերպումը։ Նրանք ընդգծել են հանրության հետ ակտիվ հաղորդակցության անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ օրենքի ընդունումը կստեղծի ավելի հստակ իրավական դաշտ։

Նախագծերի ընդունման և կյանքի կոչման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան ու անպատասխանատու վերաբերմունքի դեպքերը՝ ապահովելով դրանց բարեկեցությունն ու պաշտպանվածությունը։