30 հունվարի 2025 - 12:03 AMT
ԵՄ երկրները կոչ են անում Եվրահանձնաժողովին պաշտպանել ընտրությունները միջամտությունից

Եվրամիության 12 երկիր, ներառյալ Ֆրանսիան ու Գերմանիան, Եվրահանձնաժողովին կոչ են արել կիրառել «թվային ծառայությունների մասին» օրենքի դրույթները՝ ապահովելու առաջիկա եվրոպական ընտրությունների ամբողջականությունն արտաքին միջամտությունից պաշտպանելու համար:

Նամակում, որը ստորագրել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Կիպրոսի, Խորվաթիայի, Չեխիայի, Դանիայի, Հունաստանի, Ռումինիայի, Սլովենիայի և Իսպանիայի եվրոպական հարցերով նախարարները, ընդգծվում է ԵՄ հատուկ մարմին ձևավորելու կարևորությունը, որը կզբաղվի օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին հակազդելով, գրում է «Ազատությունը»։

«Առանցքային ընտրական իրադարձությունների ժամանակ հանրային բանավեճերին օտարերկրյա միջամտության և ապակառուցողական միջամտությունների աճող սպառնալիքներն ուղղակի մարտահրավեր են մեր կայունությանն ու ինքնիշխանությանը», - ասված է նամակում, որին ծանոթացել է Reuters գործակալությունը:

«Վերջին միջադեպերը շտապ ու համատեղ գործողություններ են պահանջում ԵՄ-ում առաջիկա ընտրությունները պաշտպանելու համար», - ասված է նամակի մեջ:

ԵՄ դիվանագետները նշել են, որ հիմնական մտահոգությունները կապված են Ռուսաստանի և Չինաստանի միջամտության, ինչպես նաև այլ միջադեպերի հետ:

Գերմանիայում փետրվարի 23-ին նախատեսվում են արտահերթ ընտրություններ:

Նախորդ շաբաթ X սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը ներկա է գտնվել Գերմանիայում ծայրահեղ աջերի կուսակցության նախընտրական միջոցառմանը՝ վերջին շաբաթների ընթացքում արդեն երկրորդ անգամ աջակցություն ցուցաբերելով քաղաքական այդ ուժին:

Photo. AP