Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ հայ-վրացական կապերը հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։
Նա խոսել է նաև «Ռուսաստանից եկող մարտահրավերների» մասին, հայտնում է Panorama.am-ը։
«Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի որոշ շրջաններ, և պետք է նշեմ այն մարտահրավերները, որոնք առաջ են գալիս այդ իրավիճակով պայմանավորված՝ հումանիտար, տնտեսական խնդիրներ ու սոցիալական ծանր պայմաններ։ Սա շարունակում է մնալ ծանր խնդիր Վրաստանի համար»,- ասել է նա՝ հավելելով, որ Վրաստանն ու Հայաստանը փոխադարձ հարգանքով են վերաբերվում միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչը կշարունակվի նաև ապագայում՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։
Նա ընդգծել է, որ ՀՀ և Վրաստանի երկրների ռազմավարական հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության և սերտ համագործակցության վրա, իսկ երկու ժողովուրդների միջև առկա ամուր կապերն ապահովում են համագործակցության զարգացման լայն հնարավորություններ։
«Հայաստանը մեր լավագույն 10 տնտեսական գործընկերներից է, սա շատ կարևոր է մեզ համար։ Կան հնարավորություններ, տնտեսական կապերն առվելի զարգացնելու համար։ Մենք տեսնում ենք շատ մեծ է միտումը զբոսաշրջության ոլորտում, մենք տեսնում ենք, որ վազմաթիվ հայեր են այցելում Վրաստան»,- ասել է Մակա Բոճորիշվիլին։
Վրացի պաշտոնյան նշել է, որ Միրզոյանի հետ քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտային, զբոսաշրջային և տնտեսական համագործակցության ընթացիկ վիճակը և այն խորացնելու ուղիները։
Նրա խոսքով՝ այդ թեմաներն ընդգրկված են նաև Երևանի միջկառավարական նիստի օրակարգում, որը կանցկացվի երկու երկրների վարչապետների նախագահությամբ։
«Խոսել ենք տարածաշրջանում խաղաղության ու կայունության մասին։ Վրաստանը տարածաշրջանում կայուն խաղաղություն տեսնելու անկեղծ ցանկություն ունի, և պատրաստակամ ենք անելու այն ամենը՝ հասնելու այդ նպատակին»,- նշել է նա։
Հունվարի 30-ին աշխատանքային այցով Հայաստանի կժամանի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը։