30 հունվարի 2025 - 12:56 AMT
Միրզոյան. Պատրաստ ենք Բաքվի հետ քննարկել տարանցման պարզեցված մեխանիզմները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Հայաստանը լիովին աջակցում է տրանսպորտային ուղիների վերագործարկմանը և այս ուղղությամբ հանդես է եկել կառուցողական առաջարկներով, որոնք ներկայացվել են Ադրբեջանին, և սպասում է Բաքվի դրական արձագանքին։

Նա նաև ասել է, որ հայկական կողմը պատրաստ է Բաքվի հետ քննարկել տարանցման պարզեցված մեխանիզմները, գրում է «Փաստինֆոն»։

«Բնականաբար, հասկանալով, որ 21-րդ դարը լոգիստիկաների հեշտացումների ու պարզեցումների դար է՝ մենք ևս Ադրբեջանի հետ, երբ կամ եթե ապաշրջափակվենք, տեսնում ենք պարզեցված ընթացակարգեր, որոնք կարող են կիրառվել, դրանից մենք և Ադրբեջանը կարող ենք շահել»,–ասել է նա։

Միրզոյանը հավելել է, որ ապաշրջափակումը օգտակար կլինի նաև Վրաստանի համար։

«Մենք վստահ ենք, որ այն պայմաններով և ձևով, որ մենք տեսնում ենք այդ ապաշրջափակումը՝ այն իրականում մեծ տնտեսական, և ոչ միայն տնտեսական, օգուտներ կբերի ամբողջ տարածաշրջանին՝ Հայաստանին, Ադրբեջանին և, իհարկե, Վրաստանին։

Մեծ հաշվով մեր մոտեցումներն արտացոլված են «Խաղաղության խաչմերուկում», որտեղ հիմնարար սկզբունքներ կան՝ երկրների տարածքային ամբողջականություն, երկրների սուվերենություն՝ տրանսպորտային ենթակառուցվածքների նկատմամբ, երկրների ազգային օրենսդրությունների կիրառումը՝ իրենց հատվածների վրա»,–ասել է Միրզոյանը։

Հունվարի 30-ին աշխատանքային այցով Հայաստանի կժամանի նաև Վրաստանի վարչապետԻրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը։ Նախ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։