Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով գիտության ոլորտին, նշել է, որ 2025–ի հունվարից ավելացել են գիտության ոլորտների աշխատողների աշխատավարձերը։ Նա օրինակ է բերել լաբորանտ-ճարտարագետի աշխատավարձը, որն ատեստավորման ներդրումից առաջ ստանում էր 67,300 դրամ, իսկ 2025թ. հունվարից՝ արդեն 138,300 դրամ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից գիտական աշխատողների աշխատավարձերը նորմավորվել են ըստ գործող ատեստավորման տարակարգի և դրա արդյունքում առնվազն ունեն աշխատավարձերի կրկնապատկում 2021 թվականի նկատմամբ, իսկ պաշտոնների և տարակարգերի համար նույնիսկ աշխատավարձը քառապատկվել է։
Ավագ լաբորանտ-ավագ ճարտարագետի աշխատավարձը 76,000 դրամից փուլերով աճել է և 2025թ. հունվարի 1-ից դարձել 179,000 դրամ։
Նշվել է նաև, որ ավագ գիտաշխատողը, որը 2021–ին ստանում էր 99,000 դրամ, այժմ ստանում է 343,000 դրամ, առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021-ին կազմել է 114,300 դրամ, ներկայումս հասել է 443,800 դրամի։ Գլխավոր գիտաշխատողը, որը 2021-ին ստացել է 138,100 դրամ, այժմ վարձատրվում է 552,900 դրամով։
Անդրեասյանն ասել է, որ 2023 թվականին Հայաստանում գրանցվել է գիտական հրապարակումների պատմականորեն ամենամեծ ծավալը միջազգային հեղինակավոր պարբերականներում։
Նա հավելել է, որ գիտական հրապարակումների ծավալը տարեցտարի ավելանում է։