30 հունվարի 2025 - 14:38 AMT
Ավանեսյան. Ջրծաղիկի դեմ պատվաստումները կսկսվեն փետրվարից

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության անդամների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ փետրվարից մեկնարկելու է ջրծաղիկի դեմ պատվաստումների գործընթացը։

2024 թվականից Հայաստանում ներդրվել է ջրծաղիկի պատվաստանյութի կիրառումը։ Պատվաստանյութերի ձեռքբերումը կազմակերպում է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ը։ Առաջին խմբաքանակը Հայաստան է ներկրվել նախորդ տարվա նոյեմբերին։

«Ջրծաղիկի մասով, բռնկումային իրավիճակ վերջին տարիներին չեմ հիշում։ Ամեն տարի էլ դեպքեր գրանցվում են, բայց մեր քաղաքականությունն էլ ուղղված է, որ պատվաստումների միջոցով հիվանդությունը կանխարգելենք։ Արդեն պատվաստանյութերի երկրորդ խմբաքանակը ստացել ենք, այժմ երկու խմբաքանակն էլ ընդունման–հանձնման ավարտական փուլում են։ Այս տարի փետրվարից արդեն պատվաստումները կսկսենք»,– նշել է Ավանեսյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նախարարը հավելել է, որ առողջապահության նախարարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում պատվաստանյութերի որակին։

Ըստ նրա՝ բոլոր պատվաստանյութերի փաստաթղթերը մանրակրկիտ ստուգվում են, և դրանք ընդունվում են միայն այն դեպքում, երբ լիովին համապատասխանում են անհրաժեշտ տեխնիկական պահանջներին։

Ջրծաղիկի պատվաստանյութը ներդրվելու է փուլային կարգով։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ սկզբնական փուլում պատվաստումները նախատեսված են 1 տարեկան երեխաների և նախազորակոչային տարիքի անձանց համար։ 2027 թվականից գործընթացը կիրականացվի ըստ ազգային պատվաստումների օրացույցի՝ 1 տարեկանների (առաջին դեղաչափ) և 4-6 տարեկանների (երկրորդ դեղաչափ) համար՝ ինչպես կիրառվում է կարմրուկի և կարմրախտի դեպքում։