30 հունվարի 2025 - 14:57 AMT
Մանկամսուրի ծառայությունների հասանելիությունը կընդլայնվի

Նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնման նոր ծրագիր կմեկնարկի՝ կվերանայվի մսուրի տարիքային շեմը։ Ծրագիրը կառավարության նիստում ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Փորձնական ծրագրի համար կընտրվի 4 հաստատություն Երևանում, որոնցից մեկում կսկսեն 6-12 ամսական երեխաների մեկ խմբի կրթության ծրագիրը, Վանաձորում և Գյումրիում կլինեն 2-ական, Հրազդանում՝ մեկ հաստատություն, որտեղ արդեն երեխաները, մեկ տարեկանից սկսած, մսուրի ծառայությունից կօգտվեն։

«Նախատեսվում է 10 խմբի շրջանակներում՝ մոտ 200 երեխայի համար ,նոր ծրագիր մեկնարկել, որը իրականացվելու է մի շարք համայնքներում։ Համայնքներն ու հաստատություններն ընտրվել են ՏԿԵՆ-ի և նաև Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման արդյունքում»,- ասել է նախարարը։

Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 175 միլիոն դրամ, որը կհատկացվի պետբյուջեից։

Նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ մեծացել է մանկապարտեզներում ընդգրկված 3-5 տարեկան երեխաների թիվը՝ հասնելով մոտ 82,000–ի։