30 հունվարի 2025 - 15:51 AMT
Փաստաբանն առանձնազրույց է ունեցել զինկացարանում հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի հետ

Ազատի զորամասի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Նորայր Նորիկյանն առանձնազրույց է ունեցել այդ գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի հետ։ Այդ մասին փաստաբանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի հետ՝ վերջինիս պաշտպան Հովսեփ Սարգսյանի մասնակցությամբ․․․»,–ասվում է գրառման մեջ։

Հանդիպումից այլ մանրամասներ չեն ներկայացվում։

Նախորդ դատական նիստի ընթացքում մեղադրյալ Եղիշե Հակոբյանն էր հանդես եկել հանդիպման առաջարկով՝ դատարանից խնդրելով թույլատրել իրեն զրուցել Նորայր Նորիկյանի հետ։ Հանրային մեղադրողն առարկություն չէր ներկայացրել հանդիպման վերաբերյալ, սակայն հորդորել էր, որ գործի հանգամանքների մասին տեղեկությունները հրապարակվեն դատաքննության ընթացքում։

Հրդեհը բռնկվել է հունվարի 19-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում՝ խլելով 15 զինծառայողի կյանք։ Երեք վիրավորներ տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում՝ կապիտանը, երկար ժամանակ գտնվել են վերակենդանացման բաժանմունքում։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով։ Այս պահին գործով արդեն հինգ մեղադրյալ կա, որոնցից երկուսը կալանքի տակ են։